
Գերմանիային Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» բնապահպանական քարոզարշավը:
Կենդանիների և բույսերի եզակի տեսակներով հարուստ ջրային տարածքները չափազանց կարևոր են ինչպես վայրի բնության, այնպես էլ մարդու բնականոն կյանքի համար, հետևաբար, այդ տարածքների պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Հայաստանում ջրային էկոհամակարգերի աղտոտման հիմնական պատճառներն են գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունը, ինչպես նաև բնակչության անտարբեր վերաբերմունքը այս խնդրի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ ջրային ռեսուրսները Հայաստանի հարստությունն են:
Քանի որ ջրային տարածքների աղտոտման և Հայաստանում բնապահպանական կրթության ցածր մակարդակի խնդիրները շարունակում են մնալ ակտուալ, NABU-ի հայաստան մասնաճյուղը շարունակում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» բնապահպանական քարոզարշավը։ Քարոզարշավը ոչ միայն կնպաստի մաքուր միջավայրի զարգացմանը, այլև կզարգացնի մասնակիցների էկոլոգիական մշակույթը, որը հետագայում օրինակ կդառնա ուրիշների համար:
NABU-ի հայաստանյան մասնաճյուղի այս արշավը հնարավորություն է տալիս ձևավորել ակտիվ վերաբերմունք շրջակա միջավայրի աղտոտման բնապահպանական խնդրի՝ մասնավորապես ջրային ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև, խթանում է բնության և ջրային ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, սևեռում հասարակության ուշադրությանը այս խնդրի և վերջինիս լուծման ուղիների հայտնաբերման վրա:
Բոլոր նրանք, ովքեր ունեն ցանկություն, լավ թիմ և գիտեն ջրային տարածք, որն ունի մաքրման անհրաժեշտություն, կարող են դիմել մեզ, և մենք կաջակցենք այդ տարածքի մաքրման աշխատանքները իրականացնելու համար։
Լրացրեք հայտը և ուշադիր եղեք Ձեզ շրջապատող միջավայրի հանդեպ։