/ Պարունակություն / Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական գործունեության յուրահատուկ տեսակ է, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերի հետ և իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերքն ու հումքն է, ինչպես նաև վայրի բույսերը, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները:

Օրգանական գյուղատնտեսության համար հարկավոր է օգտագործել այն հողերը, որոնք մի քանի տարի զերծ են մնացել քիմիական միջոցների օգտագործումից: Գոմաղբը, կենսահումուսը, թռչնաղբը բարելավում են հողի կառուցվածքը, հարստացնում են հողը օրգանական նյութերով, բարձրացնում են բերրիության մակարդակը:

Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները՝ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը: Օրգանական մթերքը ավելի շատ սննդատարրեր է պարունակում, քան ավանդական մեթոդներով աճեցվածը: Ամբողջ աշխարհում ներկայումս առկա է օրգանական արտադրանքի մեծ պահանջարկ:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.–ից մեկնարկել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և Ակբա բանկի հետ համատեղ «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը:

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն են ստանում NABU հայաստանյան մասնաճյուղի և բանկի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: