/ Պարունակություն / «Տարվա թռչուն» էկոկրթական արշավ

«Տարվա թռչուն» էկոկրթական արշավ

1971 թվականից սկսած՝ Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) իրականացնում է «Տարվա թռչուն» էկոկրթական արշավը, և այսօր այն ոչ միայն Գերմանիայում, այլև մի շարք այլ երկրներում դարձել է ամենամեծ բնապահպանական արշավներից մեկը։ Հետագայում արշավը ստացել է տարատեսակ կրկնօրինակումներ՝ տարվա ծառից միչև տարվա քարանձավային կենդանի։

2020 թվականից առ այսօր Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է «Տարվա թռչուն» արշավը Հայաստանում։ Արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա:

Ընտրությունն իրականանում է հանրային քվեարկության միջոցով, որի շրջանակներում հանրությունն ընտրում է թեկնածու թռչնատեսակներից նախընտրելին։

Ընտրված թռչնատեսակի շուրջ ողջ տարվա ընթացքում իրականացվում են՝

  • թռչնատեսակի վերաբերյալ տեղեկատվական նյութերի ստեղծում և տարածում սոցիալական էջերի և տեղեկատվական թերթիկների միջոցով,
  • հետազոտական աշխատանքներ թռչնատեսակի չուի, նրան սպառնացող վտանգների վերաբերյալ,
  • դասընթացներ, թռչնադիտարկումներ, մրցույթներ Երևանի և մարզերի դպրոցներում,
  • ճանաչողական տեսահոլովակների նկարահանում։

Ստորև կարող եք ծանոթանալ Հայաստանում յուրաքանչյուր տարի ընտրված թռչնատեսակներին։