Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Naturschutzbund Deutschland (NABU) գերմանական բնապահպանական հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է երկրում և արտերկրում բնության պահպանության հատուկ խնդիրներով, ինչպիսիք են՝ գետերի, ծովերի, անտառների կամ կենդանիների որոշ տեսակների պաշտպանությունը:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1899 թվականին փետրվարի 1-ին Լինա Հենլեի կողմից՝ որպես «Թռչունների պաշտպանության ասոցիացիա» (BfV): Այն Գերմանիայի ամենահին և ամենախոշոր բնապահպանական ասոցիացիաներից մեկն է: Կազմակերպությունն իրականացնում է բնապահպանական հատուկ ծրագրեր, աջակցում է իր սեփական գիտական ​​ինստիտուտներին, իրականացնում է բնապահպանական կրթություն, լրատվամիջոցներին ու քաղաքացիներին տեղեկացնում շրջակա միջավայրի և բնության պահպանության բնագավառում կարևոր խնդիրների մասին:

Կազմակերպությունը, Բավարիայի գործընկերոջ՝ թռչունների պաշտպանության պետական ​​ասոցիացիայի (LBV) հետ միասին, որը 10 տարով ավելի երիտասարդ է NABU-ից, ունի 900,000 անդամ և հովանավոր (2023 թվականի հունվարի դրությամբ): Դրանցից 830,000-ը տեղական և տարածաշրջանային մակարդակով կազմակերպված անդամներ են 2000 խմբերում և շրջանային ասոցիացիաներում: Սրանք իրենց հերթին միավորված են NABU տարածաշրջանային ասոցիացիաներում: 

NABU-ն BirdLife International-ի ազգային գործընկեր կազմակերպությունն է:

Այսօր աշխարհում գործում է միության 15 տարածաշրջանային և շուրջ 1500 քաղաքային և տեղական ստորաբաժանում: Միջազգային նախագծերի համակարգմամբ զբաղվող մասնաճյուղեր են գործում Բրյուսելում (Բելգիա), Ադիս Աբեբայում (Եթովպիա), Մայկոպում (Ռուսաստան), Բիշքեկում (Ղրղզստան) և Երևանում (Հայաստան):

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ՀՀ շրջակա միջավայր նախարարության հետ համագործակցում է 2001 թվականից: Գործընկերության առաջին տարիներին առաջնահերթությունը տրվել է բնապահպանական միջազգային կոնվենցիաների իրականացմանը: Ավելի ուշ համագործակցությունն ընդլայնվել է` ներառելով համատեղ ծրագրեր: 2007 թվականի մարտին NABU-ն և ՀՀ շրջակա միջավայր նախարարությունը ստորագրել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության մասին համագործակցության համաձայնագիր:

2010 թվականին պաշտոնապես բացվեց Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։ Այդ ժամանակվաից ի վեր մենք իրականացնում ենք ծրագրեր՝ ուղղված Հայաստանում բնության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանը։ Մեր ծրագրերը կառուցվում են մի քանի կարևոր հիմնասյուների վրա։

Կարևորագույն նպատակներից մեկն է ստեղծել կամ բարելավել միջավայրը, որտեղ կենդանական ու բուսական աշխարհը կլինի ապահով և պաշտպանված, ինչն էլ կնպաստի մարդու առողջության պաշտպանությանը։ Այս գաղափարի շուրջ ստեղծվել է «մարդ-վայրի բնություն հակամարտության կանխարգելում» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են ուսումնասիրություններ Հայաստանի հյուսիսային շրջաններում պարզելու համար կոնֆլիկտի թեժ կետերը, առաջացման պատճառները, ինչպես նաև հնարավոր լուծման տարբերակները։ Ծրագիրը ուղղված էր ոչ միայն լուծել առաջացած կոնֆլիկտները խուսափելու համար սոցիալ-տնտեսական և մարդկային կորուստներից, այլև հասկանալ վայրի բնության և շրջակա միջավայրին սպառացող խնդիրները և մշակել ռազմավարություն դրանց պահպանության նպատակով։ Հենց այս գաղափարը մեզ ուղղորդեց տեղադրել ֆոտո-թակարդներ Հայաստանի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկում և Սյունիքի մարզում՝ էլ ավելի լավ հասկանալու մեր բնությունը և ստեղծելու ճիշտ ռազմավարություն նրա պաշտպանության համար։

NABU հայաստանյան մասնաճյուղը մեծ կարևորություն է տալիս բազմաբնույթ միջոցառումների իրականացմանը, որի նպատակը հասարակական գիտակցության բարձրացումն է, ինչպես նաև եղած խնդիրները էլ ավելի լսելի դարձնելը։ Մենք իրականացրել և շարունակում ենք իրականացնել արշավներ, ինչպիսիք են՝ «տարվա թռչուն» «մաքուր ափ, մաքուր աղբյուր», «սկսի՛ր քեզնից», «կռունկների տարի», «բազե», «Հայաստանի արծիվներ», «անգղեր» և այլն։ Ծանոթացնում ենք մարդկանց Հայաստանի պահպանվող տարածքներին և կենսաբազմազանությանը տարբեր էկո-կրթական միջոցառումների միջոցով։

Այս ամենից զատ չենք մոռանում նաև գյուղատնտեսության, տուրիզմի և համայնքային զարգացման մասին։ Իրականացնում ենք «գյուղական տուրիզմի զարգացման» և «օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրերը, որոնք նպաստում են ամբողջ Հայաստանի տարածքում գյուղատնտեսության և տուրիզմի զարգացմանը՝ միևնույն ժամանակ վնաս չհասցնելով շրջակա միջավայրին։ Մենք խրախուսում ենք օրգանական սննդամթերքների արտադրությունը, գյուղական համայնքներում հայկական մշակույթի և գյուղական կոլորիտի ներկայացումը։

Տարիների աշխատանքի, բազմաթիվ ծրագրերի և արշավների շնորհիվ մենք կարողացել ենք ստեղծել թիմ, որը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է իր ներդրումը ունենալ Հայաստանում կենսաբազմազանության ուսումնասիրության, բնության պահպանության, ինչպես նաև համայնքային զարգացման մեջ։ Կարողացել ենք ստեղծել ամուր և վստահելի կապեր բազմաթիվ կազմակերպությունների, անհատների և կառավարական մարմինների հետ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Մենք համախմբում ենք նպատակներ և գաղափարներ, ստեղծում նոր ծրագրեր, իրականացնում բազմաթիվ միջոցառումներ, և այս ամենը ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։