![](https://www.nabu.am/sites/default/files/styles/831/public/news/%D5%8D%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%20%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D6%87%20%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.png?itok=e9yUhRod)
2017 թվականին արագիլների շրջանում նկատելի է աղտոտվածության երևույթը։ Առաջին զանգերն այդ մասին ստացվեցին Արարատի մարզի Հովտաշեն գյուղից։ Հետագա որոշ ուսումնասիրություններ ցույց տվեցին, որ Հովտաշենից բացի կան այլ բնակավայրեր ևս, որտեղ բնադրող արագիլների փետրածածկը սևացած է:
Աղտոտումը նկատվում է թե՛ ծնողների և թե՛ ձագերի մոտ: Սա անմիջական կապ ունի սպիտակ արագիլների կերակրման ձևի հետ: Այսպես, ծնողները ձագերին կերակրելիս կիսամարսված սնունդը լցնում են կամ ձագերի կտուցների կամ բնի մեջ: Այս գործընթացը հաճախ շատ անփույթ է իրականացվում, ինչի հետևանքով սնունդը և ջուրը թափվում են ձագերի գլխին, մեջքին և թևերին: Բնական, մաքուր սննդի դեպքում փետուրները ժամանակի ընթացքում հեշտությամբ մաքրվում են: Սակայն օրգանական յուղերով աղտոտված սննդի դեպքում այն մնում է փետուրների վրա։
Քամու, արևի և եղանակային այլ գործոնների հետևանքով փետուրներին կպած օրգանական յուղերը կարծրանում են, ինչի հետևանքով փետուրները կորցնում են իրենց հիմնական հատկանիշները, այն է՝ ապահովել մարմնի ջերմամեկուսացումը և թռչելու ունակությունը: Այդ իսկ պատճառով, հենց առաջին թռիչքը երիտասարդ սպիտակ արագիլների մոտ, կախված աղտոտվածության աստիճանից, անհաջող է լինում, ինչի հետևանքով նրանք հայտնվում են բնակավայրերի փողոցներում և զոհ դառնում արագընթաց մեքենաներին կամ թափառող շների հարձակումներին։
Այս հիմնախնդրով պայմանավորված՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում է Արարատյան դաշտում արագիլների էկոլոգիայի ուսումնասիրության ծրագիրը, որը նպատակ ունի բացահայտելու աղտոտման արեալը, պատճառները, ինչպես նաև իրականացնելու աղտոտման հետևանքով անօգնական դարձած թռչունների փրկարարական աշխատանքներ:
Իրականացվող միջոցառումերի վերաբերյալ մանրամասները և կատարված աշխատանքները պարբերաբար կներկայացնենք ինչպես մեր սոցիալական ցանցերում, այնպես էլ մեր կայքում։