/ Պարունակություն / Գիշանգղ (Neophron percnopterus)

Գիշանգղ (Neophron percnopterus)

Ինչպես հիշում եք NABU Հայաստանյան մասնաճյուղն այս տարի տարվա թռչուն է հայտարարել Գիշանգղ (Neophron percnopterus) տեսակին: Գիշանգղը ճուռակաների ընտանիքին պատկանող լեշակեր տեսակ է: ՀՀ տարածքում հանդիպող 4 անգղներից մեկն է, ընդ որում միակը, որն իրականացնում է սեզոնային չու: Գիշանգղը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) ցուցակում որպես վտանգված տեսակ (EN):

Տեսակը տարածված է հարավային Եվրոպայից մինչև Հյուսիսային Աֆրիկա և կենտրոնական ու արևելյան Ասիա: Հայաստանի հանրապետության տարածքում հանդիպում է բոլոր մարզերում:

Գիշանգղները բնադրում են բարձր և անմատչելի ժայռերի խորշերում, հիմնականում ածում են 2 ձու, իսկ ինկուբացիան տևում է 42 օր: Ծնվելուց հետո 80-110 օր անց երիտասրդ թռչունները կատարում են իրենց առաջին թռիչքը:

Գիշանգղները էկոհամակարգերի ու սննդային շղթայի կարևորագույն օղակներից են, քանզի սնվելով լեշով նրանք իրականացնում են սանիտարների ֆունկցիա և կանխարգելում են հիվանդությունների տարածումը: Որպես կանոն, այս տեսակը լեշին է մոտենում ամենավերջում, երբ մյուս բոլոր լեշակերներն արդեն հեռացել են: Գիշանգղները նաև կենդանական աշխարհի այն եզակի տեսակներից են, որոնք սնունդ հայթհայթելու համար կարող են օգտագործել գործիքներ. նրանց դեպքում՝ քարեր: Քարերի միջոցով նրանք կոտրում են ջայլամների հաստակեղև ձվերը և վայելում ավարը:

Գիշանգղների թվաքանակի նվազման հիմնական պատճառներն իհարկե կապված են մարդու գործունեության հետ: Մարդու կողմից ստեղծված ինֆրոստրուկտուրաները խաթարում, թունավորում և ոչնչացման եզրին են կանգնեցնում բնական էկոհամակարգերը և դրանց բնակիչներին: Շատ կարևոր է գիտակցել, որ միայն կայուն և ցիկլիկ մոդելների կիրառմամբ կկարողանանք ապրել ներդաշնակ բնության հետ և քաղել առավելագույնը մայր բնությունից: Հայաստանի հանրապետությունում ևս առկա են վերոնշյալ խնդիրները և դրանք հանդիսացան այն բազմաթիվ պատճառներից մեկը, որպեսզի NABU Հայաստանյան մասնաճյուղը Գիշանգղի տարվան զուգընթաց սկսի իրականացնել այս յուրօրինակ թռչունների բնադրման առանձնահատկությունների ուսումնասիրություն: Աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար տեղադրվեց առցանց տեսախցիկ Գիշանգղների բնադրող զույգերից մեկի բնի վրա, ինչը թույլ է տալիս հեևել և ուսումնասիրել նրանց բնադրման վարքագիծը: Նախագիծը նաև թույլ է տալիս բոլոր ցանկացողներին օրվա ցանկացած ժամի հետևել թռչունների առօրյային, կատարել փոքրիկ անձնական բացահայտումներ նրանց մասին և ավելի մոտ լինել բնությանը, քանի որ բնությունը սիրելու և պահպանելու համար անհրաժեշտ է ճանաչել այն:

Աշխատանքները շարունակվում են թե էկոկրթական, թե դաշտային հետազոտությունների և թե գիտական ուսումնասիրությունների ուղղություններով:

NABU Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող Գիշանգղների ուսումնասիրության աշխատանքրի ընթացքի մասին կտեղեկացնենք Ձեզ պարբերաբար:

Իսկ այժմ վայելեք այս փոքրիկ տեսանյութն արդեն իսկ հայտնի զույգի բնից: